Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

«Եկեք խոսենք սեքսի մասին»

«Եկեք խոսենք սեքսի մասին»
11.09.2013 | 13:51

(մինչև 20 տարեկան և սեռական կիրթ կողմնորոշում ունեցողներին՝ նյութը չկարդալ)

Եկեք։ Սակայն փորձս ձախողվում է, սեքսի մասին հանրության հետ երկխոսելու «մուրազըս մնում է փորումս», սեքսի մասին հանրային բաժակաճառի պատրաստ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն անպատասխան է թողնում զանգ-առաջարկս։ Մինչդեռ ի՜նչ լուսավառ հույսով հավաքեցի նրանց հեռախոսահամարը, որը դաջված է երկնագույն տառերով՝ վարդագույն և եռածալ հուշագրի վրա, որն էլ իր հերթին բաժանվում է մեծածախ սկզբունքով, այսինքն, պարկերով հասարակական վայրերում, մասնավորապես՝ եկեղեցիներում։ Հուշագիրը տպագրվել է 2009-ի հունիսին, հավանաբար, ահռելի քանակությամբ, զի մինչ օրս այն չի սպառվում, տարածվում է։ Սույն հուշագիրը համեմված է կանանց մերկանդամ լուսանկարներով, հավանաբար այն ավելի մատչելի ու հրապուրիչ դարձնելու միտումով։ Տեքստը անբռնազբոս քարոզ է, այլասերության քարոզ, անշուշտ, վարագուրված սեռական առողջության հասնելու ձգտմամբ՝ հատկապես կանանց շրջանում։ Ենթավերնագրում ուղղակի ասվում է. «Հուսանք, որ այս պարբերականի շնորհիվ Դուք ավելի եք բարձրացնում Ձեր գիտելիքները տվյալ թեմայի շուրջ և հետևում եք Ձեր առողջությանը»։ Հետևենք, ներկայացնելով միայն գիտելիքներ տրամադրող այս աղտեղության թեմաների բավականին խոսուն վերնագրերը. «Կնոջ սեռականության մասին թյուր համոզմունքներ», «Թյուր համոզմունք. Կնոջ մարմինն ամոթալի է», «Թյուր համոզմունք. Կնոջ մարմինը տղամարդուն է պատկանում», «Թյուր համոզմունք. Կինն ավելի քիչ սեռական ցանկություն է ունենում», «Սիրախաղի հետազոտում», «Հպումներ և զգայականություն», «Ներթափանցում», «Օրալ սեքս», «Անալ սեքս», «Ձեռնաշարժությունը (մաստուրբացիա) սիրախաղում», «Երբ սեռական հարաբերությունը ցավոտ է»...
Սույն ՀԿ-ն գրանցված է ՀՀ արդարադատության նախարարության կողմից։ Նախարարությունը, անշուշտ, առաջնորդվել է պետական ռազմավարությամբ, այն է՝ Եվրոպան մեզ վարկավորում է, հետևապես նրա հորդորները միանգամայն բաց, լիովին ազատ և վերջնագրորեն նողկալի, անպարկեշտ, փակուղային ու կործանարար հունդեր սերմանելը նորանկախ հանրության մտքում-հոգում-մարմնում, ոչ միայն ընդունելի, այլև խրախուսելի են. մենք վարկեր ենք կորզել, հետևապես սևերես չպետք է մնանք, մեր պարտքը ժամանակին ու որակով պետք է մարենք։ Եվ խնդրեմ, վարկերն ստանում է (և մարսում է) կառավարությունը, պատժվում են հանրությունը, ժողովուրդը, սերունդը։ Այս պարագայում բացարձակապես անտեղի է դիմել պետական-պատկան կառույցներին, զի ամեն բան կատարվում է նրանց աչքի առջև և հորդորով։ Մեզ մի բան է մնում՝ հանրությունից դուրս հռչակել նման սեռական աղանդավորներին, կանխարգելել նրանց գործողություններն ամենուր ու մղել ինքնալուծարման։
Ի դեպ, այն աղանդավորական-սեռագալար կառույցից տեղեկացրին, որ երկու տնօրեն ունեն (մեկը, հավանաբար, մասնագիտացած անալ սեքսի, մյուսը, անշուշտ, արհեստավարժ ներթափանցման գործում), և նրանցից մեկը անվերապահորեն կպատասխանի զանգիս։ Պատասխանը՝ չիք։ Եվ ահա հարցս ուղղում եմ նրանց գրավոր. ասացեք, խնդրեմ, պարբերականում արծարծված տեսական խնդիրները արդյո՞ք գործնականում տնօրենները փորձարկել են իրենց ընտանիքներում, և ինչպիսի՞ն են արդյունքները։ Նաև՝ սեռական բարեկրթության ի՞նչ բարձունքներ են նվաճել տնօրենների զավակներն ու մերձավորները։ Եվ վերջապես, արդյոք «Կանանց ռեսուրսային կենտրոնի» ռեսուրսները բավարար չե՞ն բաց քննարկումներ կազմակերպելու ՀՀ հանրային խորհրդում, ազատ լսումներ՝ խորհրդարանում և այլն։ Միաժամանակ անկարող եմ չմտահոգվել. ինչո՞ւ սերիալի նյութ չի դառնում այս ամենը՝ «Եկեք խոսենք սեքսի մասին» բազմախոստում վերնագրով։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4519

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ